Ինչպես ճիշտ ընտրել անվադողերը

Ինչպես ճիշտ ընտրել անվադողերը

Անվադողերի ընտրության առջև կանգնում են բոլոր վարորդները, և բոլորը յուրովի են մոտենում այդ հարցին: Ոմանք գերադասում են ամենաէժան անվադողերը՝ հուսալով, որ ամեն բան լավ կլինի: Առավել գիտակիցները նախ և առաջ ճշտում են, թե ինչ պայմաններում է շահագործվելու ավտոմեքենան: Սեզոնային գործոնները կարևոր դեր են խաղում տարբեր կլիմայական պայմաններում անվադողի աշխատանքի հարցում:

Ձմռանը առավել վտանգավոր են սառցակալած ասֆալտը, ճանապարհի ձնապատ հատվածները, խտացած ձյունը և այլն: Որպեսզի ավտոմեքենան վստահորեն հաղթահարի խոչընդոտները, ձմեռային անվադողերի արտադրողները հաշվի են առնում բոլոր գործոններն ու անվադողերը սարքավորում նորագույն տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս խուսափել կողասահումից, կրճատում են արգելակային ուղին և մեծացնում են անվադողերի կցորդումը ճանապարհի հետ: Ժամանակակից ձմեռային անվադողը կարող է համալրվել հետևյալ բաղադրիչներով՝ զանազան ձևի և կառուցվածքի բութակներ, հատուկ ձևի հպաթիթեղներ, ինչին ավելանում է նաև ռետինի հատուկ կազմը, որը թույլ է տալիս պահպանել անվադողի փափկությունը բացասական ջերմաստիճանների պայմաններում: Ձմեռային անվադողերի պահպանաշերտի (պրոտեկտոր) պատկերն ավելի ագրեսիվ է, քան ամառայիններինը: Անվադողի կողեզրին սովորաբար արվում է հատուկ նշագրում, որը հաստատում է դրա պատկանելիությունը ձմեռային տեսակին՝ Winter - ձմեռ, M+S (անգլ.՝ Mud, Snow - ցեխ, ձյուն):

Ամռանը առանձնակի վտանգ է ներկայացնում ջրասավառնումը, երբ ավտոմեքենան, ասես, լողում է ճանապարհի վրայով և դառնում անկառավարելի: Բացի այդ վտանգավոր կարող է լինել ցանկացած թաց ճանապարհ, անկախ նրանից՝ տեղատարափ անձրևը տեղատարափ է, թե պարզապես թույլ կաթկթոց: Այս ամենին դիմակայելու համար անվադողերի արտադրողները ստեղծում են պահպանաշերտի այնպիսի պատկերներ, որոնք արդյունավետ հեռացնում են ջուրը անիվի տակից բազում ջրահեռացնող ակոսների օգնությամբ:

Որոշ անվադողերի կողեզրերին արվում է հատուկ նշագրում այն մասին, որ անվադողը ենթակա է օգտագործման անձրևի ժամանակ, օրինակ՝ Aqua - ջուր կամ Rain - անձրև: Նման նշագրումների բացակայությունը, սակայն, չի նշանակում, որ տվյալ անվադողը չի կարելի օգտագործել նման պայմաններում: