Անվադողերի պահպանաշերտերի տեսակները

Անվադողերի պահպանաշերտերի տեսակները

Ժամանակակից շուկայում առկա են տարատեսակ անվադողեր՝ պահպանաշերտերի անհվանական բազմազանությամբ: Իրականում պահպանաշերտի պատկերը ոչ այդքան բարդ բան է:

Ըստ ֆիզիկայի օրենքների ճանապարհածածկի հետ լավագույն կցորդումը կապահովի առանց պահպանաշերտի անվադողը, քանի որ այն կունենա կոնտակտի առավելագույն մակերեսը: Նման անվադողեր, որոնք նաև կոչվում են «սլիկեր», օգտագործվում են «Ֆորմուլա-1» մրցարշավերում: Սակայն այս անվադողերն ունեն մի մեծ թերություն՝ դրանց պոտենցիալը կարելի է օգտագործել միայն կատարելապես հարթ ու չոր ճանապարհներին: Եթե այն շահագործել անձրևի պայմաններում, ապա հնարավոր է առաջ գա ջրասավառնման էֆեկտը՝ ավտոմեքենայի վերահսկողության կորուստ ջրի վրա սահելու հետևանքով:

Որպեսզի անվադողի և ճանապրհի միջև չառաջանա ջրային թաղանթ և ջուրը դուրս մղվի կոնտակտի դաշտից, անվադողի վրա արվում են հատուկ ակոսիկներ: Հենց դրանց կառուցվածքն էլ պայմանավորում է պահպանաշերտի պատկերը:

Ներկայումս տարանջատում են պահպանաշերտի պատկերի երեք հիմնական ձև:

1. Չուղղորդված

Սիմետրիկ չուղղորդված պատկերով անվադողերը առավել ունիվերսալ, միջինացված տարբերակն են: Որպես կանոն՝ դրանք կարելի է օգատգործել թե չոր, թե անձրևային եղանակին: Ջրամղիչ ակոսիկների բացակայությունը բարդացնում է ջրի հեռացումը կոնտակտի դաշտից, իսկ պահպանաշերտի պատկերի բլոկային կառուցվածքը դրանք համեմատաբար աղմկոտ է դարձնում: Բոլոր նշված թերություններով հանդերձ այսպիսի անվադողերն առանձնանում են երկարակեցությամբ և մատչելի գնով:

2. Ուղղորդված

Պահպանաշերտի ուղղորդված պատկերն անհրաժեշտ է ջրի առավել արդյունավետ հեռացման համար: Պտտվելիս՝ անիվը դուրս է մղում ջուրն ու պահպանում կցորդումը ճանապարհի հետ: Նման անվադողերն առանձնանում են գլորքի ցածր դիմադրությամբ, աղմուկի ցածր մակարդակով, սակայն ունեն նաև երկու մեծ թերություն: Նախ՝ դրանք ավելի թանկ են, և երկրորդ՝ դրանց արդյունավետությունն ամբողջովին կախված է անիվի պտույտի ուղղությունից: Ուղղությունը մատնանշվում է կողեզրի վրա հատուկ սլաքի օգնությամբ: Եթե անվադողը սխալ մոնտաժվի, ապա այն ոչ թե դուրս կմղի ջուրն, այլ հակառակը՝ ներս կքաշի այն, ինչը զգալիորեն կազդի ճանապարհի հետ կցորդման մակարդակի վրա:

3. Ասիմետրիկ

Ասիմետրիկ պատկերով անվադողերն առանձնանում են կցորդման լավագույն բնութագրերով ինչպես թաց, այդպես էլ չոր ասֆալտի վրա: Դրանք համատեղում են երկու նախորդ տարբերակների առավելությունները, սակայն աչքի են ընկնում ոչ այդքան մատչելի գնով: